IPI-ն դատապարտել է Մզիա Ամաղլոբելիին կալանքի տակ թողնելու որոշումը

Միջազգային մամուլի ինստիտուտը (IPI) դատապարտել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» ընկերությունների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին կալանքի տակ թողնելու Քութաիսիի վերաքննիչ դատարանի որոշումը։ Կազմակերպությունը նշել է, որ այդ որոշումը հրապարակվել է քաղաքականացված դատավարության պայմաններում։

«Միջազգային մամուլի ինստիտուտը խստորեն դատապարտում է վերաքննիչ դատարանի վերջին որոշումը, որով անփոփոխ է թողնվել IPI անդամ և համաշխարհային մամուլի ազատության հերոս Մզիա Ամաղլոբելիի երկամյա ազատազրկման դատավճիռը», — ասված է հայտարարության մեջ։

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, Քութաիսիի վերաքննիչ դատարանը վերահաստատել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի 2 տարի ազատազրկման դատապարտումը։

Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով չեղյալ համարել Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Իլմաշվիլիի կայացրած դատավճիռը և արդարացման դատավճիռ կայացնել։

Դատախազությունը պահանջել էր մեղադրանքով նախատեսված պատիժը` 4-ից 7 տարի ազատազրկում։