Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսջաբանային, որը Վրաստանում է գտնվում «Թբիլիսիի մետաքսի ճանապարհ» ֆորումի շրջանակներում, հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են ESCAP-ի հետ արդյունավետ համագործակցությունը և գործընկերության խորացման հեռանկարները։ Քննարկվել են Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված հարցեր։ Ընդգծվել է Վրաստանի առաջընթացն այս ուղղությամբ։

«Ուշադրություն է դարձվել Վրաստանի ռազմավարական դիրքին և տարանցիկ ներուժին։ Նշվել է Միջին միջանցքի կարևորությունը նոր առևտրային և ներդրումային հնարավորությունների բացման առումով և Վրաստանի առանցքային դերն այս նախագծում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերին, որոնք նպաստում են երկրի լոգիստիկ հնարավորությունների և տարանցիկ ներուժի հետագա բարելավմանը», — նշված է հաղորդագրության մեջ: