Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ և համերաշխություն հայտնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախիջևան քաղաքի օդանավակայանի վրա Իրանի տարածքից իրականացված անօդաչուների հարձակման կապակցությամբ։

«Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավարն Ադրբեջանի առաջնորդի հետ զրույցում «մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու սարքերով իրականացված հարձակման առնչությամբ», հայտնել է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Իրակլի Կոբախիձեն «խստորեն դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի հարձակումն Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա» և «համերաշխություն է հայտնել Ադրբեջանի պետությանն ու ժողովրդին»։

Հիշեցնենք. մարտի 5-ին Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է օդանավակայանը, և վիրավորվել է 2 մարդ։ Ադրբեջանը պատասխանատվությունը դնում է Իրանի վրա, մինչդեռ Թեհրանը մատնացույց է անում Իսրայելին և հայտարարում, որ հարձակվողն ինքը չէ։