Իրակլի Օքրուաշվիլին դատապարտվեց 8-ամսյա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մճեդլիշվիլին «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Իրակլի Օքրուաշվիլիին դատապարտեց 8 ամսվա ազատազրկման խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողով չներկայանալու համար, նաև 2 տարով նրան արգելեց զբաղեցնել պետական ​​պաշտոններ։

Իրակլի Օքրուաշվիլին ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը։

Սկզբում Օքրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 20 հազար լարի գրավ, սակայն նա հրաժարվել է վճարել։ Մայիսի 14-ին գրավը փոխարինվել է կալանքով, և նա ձերբակալվել է հենց դատարանի դահլիճում։

Զուրաբ Ջափարիձեն, Գիորգի Վաշաձեն և Գիվի Թարգամաձեն դատապարտվել են 7-ական ամսվա ազատազրկման հանձնաժողովին չներկայանալու գործով։ 8-ական ամիս դատապարտվել են Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն և Նիկա Գվարամիան։