Իրանի դեսպանատան մոտ ձերբակալվել է Իրանի քաղաքացի

Երեկ՝ փետրվարի 4-ին, Թբիլիսիում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է Իրանի քաղաքացի։

Նրա ձերբակալության կադրերը տարածվել են սոցիալական հարթակներում։ Ըստ տեսանյութի` պարեկային ոստիկանությունը նրան հորդորում է անցնել փողոցի մյուս կողմը, սակայն Իրանի քաղաքացին ոստիկաններին ասում է, որ չի հասկանում, թե ինչ են իրենից պահանջում և թարգմանիչ է խնդրում, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալում է նրան։

«Այս մարդուն Մահսա Ամինիի սպանության դեմ բողոքի ցույցերի պատճառով Իրանում 3 տարով բանտարկել էին։ Նա բանտում էր Իրանում, իսկ հիմա բանտում է Վրաստանում։ Հարց ունեմ՝ ինչո՞ւ ամեն ինչ այսքան արագ տեղի ունեցավ։ Ի՞նչ էր նա անում։ Պարզապես փողոցում էր՝ իր երկրի դեսպանատան դիմաց»,- TV Pirveli-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Netgazeti-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Իրանի քաղաքացին ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով` անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջին։