Իսրայելի պատվիրակությունը չեղարկել է այցը Վրաստան

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քնեսեթի (Իսրայելի Պետության գերագույն օրենսդիր մարմինը) անդամները ստիպված են եղել չեղարկել շաբաթավերջին Վրաստան կատարելիք իրենց այցն ահաբեկչական հարձակման սպառնալիքի պատճառով։

Նրանք պետք է մասնակցեին Թբիլիսիում «Իսրայելի շաբաթ»-վա շրջանակներում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ Վրաստան-Իսրայել գործարար ֆորումին։

Իսրայելական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հաստատել է Վրաստան-Իսրայել գործարար պալատի ղեկավար և «Իսրայելի տան» հիմնադիր Իցիկ Մոշեն։

Մոշեն նաև ասել է, որ «Իսրայելի շաբաթ»-ն ամեն դեպքում կանցկացվի Թբիլիսիում, և Քնեսեթի անդամները, հավանաբար, գործարար ֆորումին կմասնակցեն հեռակա կարգով։

Իցիկ Մոշեի խոսքով՝ սպառնալիքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև վրացական կողմին։ Նա հուսով է, որ համաժողովի անվտանգությունը կապահովվի։