Բրիտանական Byline Times պարբերականը ծավալուն հետաքննություն է հրապարակել «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի Մոսկվայի ռեժիմի հետ կապերի մասին։
Հետաքննության համաձայն, Մեծ Բրիտանիայում հիմնված ֆինանսական Hunnewell Partner ընկերությունը, որը վերահսկում են Իվանիշվիլիի ենթադրյալ կողմնակիցները, օգնել է Ուզբեկստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր դաշնակիցներից մեկին` օգտվել ավելի քան 1,5 միլիարդ դոլար արժողությամբ կոռուպցիոն սխեմայի կոլապսից:
Հետաքննությունը, մասնավորապես, նշել է, որ Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը՝ գործարար և դիվանագետ Գուլնարա Քարիմովան, ղեկավարել է Office կազմակերպությունը և Ռուսաստանի խոշորագույն հեռահաղորդակցության մատակարարից՝ Mobile Telesystems-ից (MTS) հարյուր միլիոնավոր դոլարների կաշառք է ստացել ուզբեկական շուկա մուտք գործելու դիմաց։
Հետաքննության տվյալներով, այս փաստն այնքան մեծ վնաս է հասցրել ընկերությանը, որ ներդրողները դատի են տվել MTS-ին, որոնցից մեկը Hunnewell Partners-ն էր, որը գտնվում է Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի շրջանում։ Հարկ է նշել, որ ընկերության հիմնադիրներից է Վրաստանի իշխանամետ պրոպագանդիստական «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեն։ Hunnewell-ը հայց է ներկայացրել ԱՄՆ դատարան՝ պնդելով, որ սկանդալի պատճառով զգալի վնաս է կրել:
Արտահոսած կորպորատիվ փաստաթղթերի, հանրային գրառումների և դատական գործընթացների միջոցով Byline Times-ը պարզել է, որ լոնդոնյան ընկերությունը, փաստորեն, ներկայացնում և գործում էր Վլադիմիր Պուտինի ամենավստահելի մարդկանցից մեկի՝ Ռոման Աբրամովիչի անունից: Ըստ բացահայտումների՝ սա լույս է սփռում Ռոման Աբրամովիչի ենթադրյալ կապերի վրա մեկ այլ ավտորիտար՝ հետխորհրդային ռեժիմի հետ։
Ըստ հետաքննության` Hunnewell-ը պարզապես բրիտանական մասնավոր կապիտալի խումբ չէ։ Նրա հիմնադիրները վրաց ռուսամետ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի մտերիմ բիզնես գործընկերներն են։ Քննադատների գնահատմամբ` ընկերությունը զգալի դեր է խաղում Վրաստանում մարդու իրավունքների վատթարացող ճգնաժամի սրման գործում, որը հատկապես սրվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո:
Հետաքննությունը նաև պարզել է, որ Իրակլի Ռուխաձեի գլխավորած Hunnewell Partners-ի կառավարման թիմը վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսի և մեդիա տարածքի վերահսկման գործում, և նշել է, որ ընկերությունը ձեռք է բերել «Իմեդի» հեռուստաընկերությունը, որը ներկայումս Վրաստանի կառավարության հիմնական քարոզչական գործիքն է։
Հետաքննությունը վկայակոչել է նաև քննադատների կարծիքները, ըստ որի` «Իմեդի» հեռուստաընկերությունը Բիձինա Իվանիշվիլիի կառավարության գլխավոր գործիքն է ընդդիմությանը վարկաբեկելու և հասարակական կարծիքը շահարկելու համար։
Ավելին՝ Byline Times-ի հոդվածում: