Կադրային փոփոխություններ Վրաստանում. ինչ են ասում փորձագետները

2025 թվականի գարնանից պաշտոնավարման և անձնակազմի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարած Ներքին գործերի նախարարությունում, էկոնոմիկայի նախարարությունում, ոստիկանության բաժանմունքում, հատուկ քննչական ծառայությունում և կառավարության կազմում։ ՆԳՆ-ն նշել է, որ գործակալությունում ընթացող կադրային փոփոխությունները «ծառայում են համակարգի հետագա ամրապնդմանը և զարգացմանը»։

Մասնավորապես, վերջին շրջանում, ի թիվս այլ փոփոխությունների, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Սուլխան Թամազաշվիլին նշանակվել է Աջարիայի կառավարության նախագահ` փոխարինելով Թորնիկե Ռիժվաձեին։
Լաշա Գոգնիաշվիլին, որը նախկինում զբաղեցրել է Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։
Ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ Գրիգոլ Բեսելիան հրաժարական է տվել Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի պետի պաշտոնից։
Հունիսի 4-ին հրաժարական տվեց գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլին, ապա նշանակվեց գլխավոր աուդիտոր, իսկ «Վրացական երազանք»-ի խորհրդարանը գլխավոր դատախազի պաշտոնում հաստատեց Գիորգի Գվարակիձեին:

Հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին, որը հայտնի է նաև «Խարեբա» մականվամբ, նույնպես լքեց պաշտոնը և նրան փոխարինեց Ռոման Քարցիվաձեն։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին նույնպես հրաժարական տվեց. «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեն էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակեց Մարիամ Քվրիվիշվիլիին և այլն:

Փորձագետները «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում վերոնշյալ փոփոխությունները կապում են մի քանի հիմնական պատճառների հետ:

Հատկանշական է, որ պաշտոնը լքած անձանցից շատերը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ենթարկվել են պատժամիջոցների մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: Փորձագետները հենց այս հանգամանքն են առաջնային համարում վերոնշյալ փոփոխությունների մասին խոսելիս:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ասաց. «Կադրային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են պատժամիջոցներով, բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, և նրանց համար դժվար է շարունակել աշխատանքը»:

Նանուաշվիլին նշեց, որ «Վրացական երազանք»-ը ամենուր փորձում է «նախկին վարչապետի կադրերին» փոխարինել «ներկայիս վարչապետի կադրերով»։

«Տվյալ փոփոխությունները ցույց են տալիս կադրային խնդրի առկայության և քաղաքական ճգնաժամի նշաններ. պաշտոններում նշանակվում են մարդիկ, որոնք նմանատիպ հարցերի լուծման փորձ չունեն»,- ընդգծեց նա:

Նախկին հանրային պաշտպանը նաև նշեց, որ վերոնշյալ իրադարձությունները չեն կարող որևէ կերպ դրական ազդել ԵՄ և Արևմուտքի հետ հարաբերություններում, քանի որ «քաղաքականության մեջ տեսանելի փոփոխություն չկա, իսկ ԵՄ-ն կոչ է անում փոփոխություններ և բարեփոխումներ կատարել քաղաքականության մեջ, այլ ոչ թե պաշտոնյաների փոխարինում կատարել»:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ  Գիորգի Թումասյանը ևս համակարծիք է այն եզրակացությանը, ըստ որի` վերջին շրջանում կատարվող կադրային փոփոխությունների պատճառներից մեկը պատժամիջոցներն են:

Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը փորձում է ցույց տալ, որ խնդիր չունի նոր կադրերի առումով։

«Այս փոփոխությունները մեծ մասամբ կապված են նրա հետ, որ «Վրացական երազանք»-ը փորձում է ազատվել պատժամիջոցների տակ գտնվող անձանցից, միաժամանակ փորձում է ցույց տալ, որ խնդիր չունի և կարող է նոր ազգանուններով և նույնպիսի արժեքներ կրող կադրեր նշանակել տարբեր պաշտոններում՝ շարունակելով նույն քաղաքականությունը»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Թումասյանը:

Փորձագետը նաև կարևորեց Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի փոխարինումը` անվանելով դա «հակաամերիկյան քայլ», քանի որ, Թումասյանի խոսքով, «Դավիթաշվիլին միակն էր, ով ԱՄՆ-ի հետ վերջերս բանակցություններ էր վարում, և նրան փոխարինելը նշանակում է, որ այդ բանակցություններն այլևս տեղի չեն ունենա»:

Կադրային փոփոխությունները հարցեր են առաջացրել և մեկնաբանվել ինչպես հասարակության, այնպես էլ մի շարք ոչ հասարակական կազմակերպությունների շրջանում: Ի թիվս այլ հարցերի, վերջին՝ Լևան Դավիթաշվիլիի պաշտոնաթողմանը արձագանքել է նաև «Քաղաքացիական գաղափար» ՀԿ-ի նախագահ Թինաթին Խիդաշելին։ Նա ֆեյսբուքում գրել է.

«Բոլորս ենք, չէ՞, հասկանում, թե ինչ է նշանակում Դավիթաշվիլիի պաշտոնաթողությունը։
Նրանք կտրեցին վերջին կապը ամերիկացիների և Եվրամիության հետ։
Կառավարությունից միակ մարդը, որի հետ որևէ մեկը կխոսեր՝ հեռացավ»: