Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հաստատել է, որ Լուկա Ձաձամիան քաղաքային խորհրդից դուրս է եկել, և դա իր անձնական որոշումն է։
«Սա նրա անձնական որոշումն է։ Նա մտադիր է շարունակել աշխատել մասնավոր հատվածում։ Նա «Վրացական երազանք»-ի համախոհ է։ Մենք երեկ զրուցեցինք։ Վստահ եմ` ինքը բացատրություն կտա», — ասել է Կախա Կալաձեն։
Լրատվամիջոցների հարցին` արդյո՞ք Ձաձամիայի հեռանալը կապված է անցյալում ընդդիմության հանրահավաքներին նրա մասնակցության հետ, Կախա Կալաձեն ասել է, որ ոչ ոք անսխալական չէ, նա բացատրություն է տվել վերոնշյալ գործողության վերաբերյալ, և դա որևէ կապ չունի նրա հեռանալու հետ։
«Մենք բոլորս կյանքում սխալներ ենք թույլ տալիս։ Նա երիտասարդ է, նա բացատրեց, որ սխալ է թույլ տվել։ Նրա ներկայի մասին ամեն ինչ պարզ էր, ապագայի մասին ինքը կխոսի։ «Վրացական երազանք»-ի կողմնակիցներից նրա դեմ բողոքներ չեն եղել», — ասել է Կալաձեն։
Հիշեցնենք. մինչ «Վրացական երազանք»-ի թիմին միանալը Լուկա Ձաձամիան ակտիվ մասնակցում էր կառավարության դեմ բողոքի ցույցերին։ Հետագայում նա հայտարարեց, որ իրեն մոլորեցրել էր քարոզչությունը, և դրա պատճառով էր միացել «Վրացական երազանք»-ի դեմ հանրահավաքներին։