Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է վետո դնել այսօր ընդունված «օտարերկրյա գործակալների» օրենքի վրա, նշելով՝ իր վետոն ժողովրդի ձայնն է։

«Սա Պուտինի օրենքի ճշգրիտ պատճենն է, որն ընդունվել է 2012 թվականին եւ աստիճանաբար աճել ու զարգացել։ Սա օրենք է ընդդեմ հասարակական կազմակերպությունների գործունեության, ընդդեմ լրատվամիջոցների, և մեր գործընկեր եվրոպական երկրների, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բոլոր միջազգային կազմակերպությունների դեմ, որոնք աջակցում են Վրաստանի անկախությանը և տնտեսության զարգացմանը ավելի քան 30 տարի։ Անցյալ տարի նույն օրենքը մերժվեց զանգվածային ցույցերի արդյունքում։ Այս անգամ այս օրենքը կրկնելն ուղղակի սադրանք է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույցում նշել է, որ հասարակական կազմակերպությունների կողմից ստացվող ֆինանսավորման մասին տեղեկատվությունը թափանցիկ է։

Նախագահը պատասխանելով օրենքի ընդունման դեպքում Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին հարցին՝ նշել է, որ «սա օրենք է, որը հստակ ցույց է տալիս Վրաստանի եվրաինտեգրմանը խոչընդոտելու կառավարության որոշ անդամների մտադրությունը»։

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ չնայած բողոքի ցույցերին ու Արևմուտքի քննադատություններին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները նշել են. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»: