Վրացի դիզայներները մասնակցել են Փարիզի նորաձևության շաբաթին

Վրացի դիզայներները Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում վաճառել են իրենց աշխատանքները (2,1 միլիոն լարի կամ 790 հազար դոլար արժողության)։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարության ներքո գործող «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը։

Փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ն անցկացված Փարիզի նորաձևության շաբաթին մասնակցել է վրացի 18 դիզայներ, նրանց թվում է նաև Անուկի Արեշիձեն՝ Թբիլիսիի քաղաքապետի կինը։

Անուկին երկար ժամանակ աշխատել է Միլանի հայտնի Elit մոդելավորման գործակալությունում:

Փարիզի նորաձևության շաբաթը հիշյալ ոլորտում աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ միջոցառումներից է։ Փարիզը, որ համարվում է նորաձևության աշխարհի մայրաքաղաք, յուրաքանչյուր նման միջոցառման պատրաստվում է երկար ժամանակ՝ վերածելով այն մեծ տոնի։