ՀՀ մշակույթի նախարարի ԺՊ-ն այցելել է Թբիլիսիի հայկական օջախներ

Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Թբիլիսիում էր՝ «Վրաստան-Եվրոպա» համաժողովին մասնակցելու նպատակով:  

Ղարիբյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ եղել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան  հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նրան ներկայացրել է, թե ինչ փուլում է այժմ նոր շենքի կառուցումը: Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վրաստան պետությանն ու կառուցումն իրականացնող հիմնադրամին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը ևս պատրաստ է իր կողմից աջակցություն ունենալ:

Նազենի Ղարիբյանն այցելել է նաև Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, ծաղիկներ խոնարհել այստեղ ամփոփված հայ մեծերի շիրիմներին: Նախարարի պաշտոնակատարը հասցրել է լինել նաև Վրաստանում ՀՀ դեսպանության շենքում, Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, թեմապատկան «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում,  «Գարի Դավթյանի տիկնիկների տանը»:

Լուսանկարները՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։