Աբխազական կողմը խոսել է անձնագրերի ճանաչման անհրաժեշտության մասին

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունում` Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների հետ հանդիպման ընթացքում, աբխազական կողմը, ի թիվս այլ հարցերի, խոսել է աբխազական անձնագրերի ճանաչման անհրաժեշտության մասին։

Ըստ աբխազական լրատվամիջոցների՝ Սոխումիում ժնևյան միջազգային քննարկումների համանախագահների՝ Եվրամիության և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ զրույցում աբխազական կողմը գնահատել է ժնևյան քննարկումների վերջին՝ 56-րդ փուլը և ասել, որ դա շոշափելի արդյունք չի տվել, քանի դեռ վրացական կողմը չի ստորագրել ուժի չկիրառման փաստաթուղթը, որը Աբխազիային անվտանգության երաշխիքներ կտա։

«Այս առումով իրավիճակը մտել է փակուղի, մեզ առաջարկվում է քննարկել բոլորովին այլ հարցեր, որոնք ուղղակի կապ չունեն ուժի չերկարաձգման փաստաթղթի հետ»,- ասել է դե ֆակտո փոխարտգործնախարար Իրակլի Տուժբան։

Տուժբան նաև ուշադրություն է հրավիրել Աբխազիայի քաղաքացիների տեղաշարժի իրավունքի վրա՝ Եվրախորհրդարանի հանձնարարականի համատեքստում։

Ի դեպ, Եվրախորհրդարանը աջակցել է Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներում Ռուսաստանի Դաշնության տված ռուսական անձնագրերի չճանաչմանը, ինչը նշանակում է, որ նման անձնագիր ունեցողները չեն կարող հատել եվրոպական սահմանը կամ վիզա ստանալ։

Դե ֆակտո ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ անձնագրերի վերաբերյալ Եվրամիությունից ժնևյան քննարկումների համանախագահ Տոյվո Կլաարն ասել է, որ այդ որոշումը ՌԴ-ի քաղաքականության դեմ է ուղղված, ոչ թե Աբխազիայի բնակչության: