Հայերը Վրաստանի կողքին են, միասին. Հայ ցուցարարը՝ «ռուսական օրենքի» դեմ

Վրացական մեդիայում և սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են Թբիլիսիում «ռուսական օրենքի», նույն՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ պայքարող ցուցարարների լուսանկարներն ու պատմությունները:

«Ալիք Մեդիան» անդրադառնում է ցուցարարներից մեկին՝ վիզուալ վավերագրող Հերմինե Վիրաբյանին, սոցցանցերում արդեն հայտնի «Armenians stand with Georgians! Միասին» գրությամբ պաստառի հեղինակին:

Հերմինեն արդեն երեք տարի է ապրում է Վրաստանում: «Ալիք Մեդիա Վրաստանի» հետ զրույցում ասում է, որ առաջին անգամ չէ, որ մասնակցում է վրաստանյան ցույցերին: Կարևոր է համարում ֆիզիկական ներկայությունից զատ հայերի միասնական համերաշխությունը ցույց տալ փողոց դուրս եկած Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։ Ցավում է, որ դա այսօր պակասում է վրացական հասարակությանը, նույնինսկ այն դեպքում, երբ հայերը երկրում ազգային փոքրամասնության բավականին մեծ խումբ են, բայց իրենց ձայնը լսելի չէ: Այսպես էլ ստեղծվել է պաստառը.

«Անցած տարի վրացի ընկերներից մեկը շնորհակալություն հայտնեց մասնակցությանս համար, զարմացած էի, թե ինչու: Ես Ռուսթավելի պողոտայում չեմ կանգնում միայն վրացիների համար, ես չեմ կարծում, որ սա միայն վրացիների կռիվն ու պայքարն է: Ես առհասարակ փորձում եմ մեր երկրներին նայել որպես մեկ տարածաշրջան՝ Հարավ Կովկաս»,- ասում է Հերմինեն:

Հերմինեն անդրադառնում է նաև էթնիկ փոքրամասնությունների՝ ընթացիկ ցույցերին մասնակցելու անհրաժեշտությանը:

«Տպավորություն է, որ տեղի հայերի համար չկան այլ կարևորության, նշանակության խնդիրներ, իսկ այդ խնդիրներն իրականում անսահման են: Կարծում եմ որպես Վրաստանի քաղաքացի, տեղի հայերի խնդիրն է մասնակցելու, ցույց տալու իրենց ներկայությունն ու համերաշխությունը: Ես Հայաստանի քաղաքացի եմ, բայց ինձ համար դա չէ կարևորը: Ինձ համար կարևոր է, որ մեր տարածաշրջանը լինի ազատ: Ցավոք, այս օրենքը կա Ադրբեջանում, մենք տեսնում  ենք, որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է, չեմ ուզում, որ դա սպառնա նաև Վրաստանին: Պետք է ձևեր գտնենք միավորվելու ու պայքարելու մեր հարևանությամբ ռուսական տրամադրությունների դեմ: Տասնյակ տարիների ընթացքում տեսել ենք, որ Կրեմլի ազդեցությունը տարածաշրջանում մեզ միայն վնասել է»,- ասում է Հերմինեն:

Նշենք՝ Վրաստանում ապրիլ ամսվա սկզբից ցույցեր են ընթանում «ռուսական օրենքի» դեմ․ օրինագիծը մեկ տարի անց «Վրացական երազանքը», խախտելով խոստումը, կրկին անգամ նախաձեռնեց, ընդունեց առաջին լսմամբ: Հազարավոր ցուցարարներ, այդ թվում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ մշակույթի, սպորտի, կրթության, ՀԿ-ների, լրատվամիջոցների անդամներ, պայքարում են օրենքի քննարկումը դադարեցնելու համար:

Վրաստանի գործընկեր երկրների և կազմակերպությունների գնահատմամբ՝ «գործակալների օրենքը» կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, մինչդեռ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն եվրոպական է։

2023 թվականի մարտին զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված եղավ հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ չվերադառնալ նախագծին։ «Վրացական երազանքը» օրինագիծը խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Նախագծում նա «օտար ազդեցության գործակալ» տերմինը փոխարինել է «օտար տերության շահերն կրող կազմակերպություն» բառով։