«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին՝ ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի համար։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Վրաստանի տարածքում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի համար և ապրումակցում ենք ձեր խոր վշտին։ Մենք խորապես վշտացած ենք այս սարսափելի ողբերգությունից։ Մենք կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին այս ցավալի և դժվար պահին և հայտնում ենք մեր անսասան համերաշխությունը նրանց», — գրել է Կղավելաշվիլին X-ում։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդել են, որ թուրքական բեռնատար ինքնաթիռը կործանվել է Վրաստանի պետական սահմանի մերձակայքում. ինքնաթիռում 20 մարդ է եղել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թուրքական ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղիի մունիցիպալիտետում. ինքնաթիռը թռչում էր Ադրբեջանից Թուրքիա։