Ինչպես են Վրաստանում կեղծվել ընտրությունները. ՀԿ-ների բացահայտումը

Transparency International-Georgia և «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությունների կողմից հուլիսի 21-ին հրապարակված հետազոտությունն ապացուցում է, որ երկրում անցկացված վերջին ընտրությունները կեղծվել են: Հիշյալ ՀԿ-ների տարածած հայտարարությունում նշվում է, որ հետազոտությունը կազմվել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիի տրամադրած փաստաթղթերի հիման վրա:

Հետազոտությունը ցույց է տալիս անօրինական ճանապարհով իշխող կուսակցության օգտին ընտրողների ձայների մոբիլիզացման լայնածավալ սխեման, որը մեծ հավանականություն ունի ապացուցելու պետական ​​մարմինների (այդ թվում՝ իրավապահ մարմինների) օգտագործումը ընտրական/կուսակցական նպատակներով։

ՀԿ-ների տվյալներով՝ բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների և այլ քաղաքացիների անձնական տվյալները հավաքագրվել են հավանաբար այդ գերատեսչությունների միջոցով՝ ենթադրաբար հետագայում նրանց վրա ճնշում գործադրելու նպատակով։

Հետազոտության մեջ մասնավորապես նշված է՝

«Ընտրություններում աջակցության դիմաց տարբեր պետական ​​գերատեսչությունների միջոցով քաղաքացիներին տրամադրվել են տարբեր տեսակի արտոնություններ։

Ամբողջական սխեմայի մասշտաբը թույլ է տալիս ենթադրել, որ այս մեթոդներով ընտրական գործընթացին միջամտելու արդյունքում հնարավոր է եղել մեծ մասշտաբով մոբիլիզացնել ընտրողների ձայները հօգուտ իշխող կուսակցության։

Ավելի կոնկրետ՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները, օգտվելով տարբեր պետական ​​գերատեսչությունների ծառայություններից, իբր կոնկրետ անձանց խոստացել են քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատում, կասեցված/բռնագրավված վարորդական իրավունքի վերականգնում, վճարների նվազեցում (վերաորակավորում), քրեական գործերով պատիժ կրելու պայմանների բարելավում, ժամկետային զինծառայողների կանչի հետաձգում և այլն»,- նշված է ՀԿ-ների կողմից տարածած հայտարարության մեջ: