Երեկվա օրը համառոտ. հուլիսի 21

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, անդրադառնալով Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի վերաբերյալ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների արձագանքին, ընդգծում է, որ դեսպանն ունի Վաշինգտոնի լիակատար աջակցությունը։

Նեդ Փրայսը հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ Թբիլիսիում դեսպանատունն անում է ամեն ինչ՝ Վրաստանի բնակչության եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու նպատակով։

Վրաստանում հուլիսի 6-ին մեկնարկել են ուսուցիչների կարգավիճակի բարձրացման քննությունները և կտևեն մինչև հուլիսի 25-ը, որից հետո Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը կստուգի ու կգնահատի աշխատանքները։

One Caucasus փառատոնն այս տարի՝ 2022 թվականին կրկին կանցկացվի Մառնեուլիի շրջանի Ծերաքվի գյուղում։ Երաժշտական ​​և կրթական փառատոնը կմեկնարկի օգոստոսի 25-ին և կտևի մինչև օգոստոսի 28-ը։ Ինչպես կազմակերպիչներն են հայտնել «Ռադիո Մառնեուլիին», այս տարի ևս` նախորդ տարիների պես, փառատոնը` երաժշտական ​​մասի հետ մեկտեղ, կներառի նաև տարբեր մշակույթային ու կրթական միջոցառումներ։

Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելել են Վրաստանի օկուպացված տարածքներին սահմանակից Օձիսի գյուղ։ Նրանց դիմավորել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչը։

Վրաստանի ազգային բանկը (NBG) հայտարարություն է տարածել` պարզաբանելով վերջերս  միջազգային դրամական փոխանցումների ժամանակ ծագող խնդիրների պատճառները։ Ազգային բանկը պարզաբանում է, որ պատճառներն առնչվում են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ պատժամիջոցներին, որոնց Վրաստանի ֆինանսական հատվածը (սեկտորը) միացել է որպես միջազգային ֆինանսական համակարգի մաս։

Coca-Cola-ն Վրաստանում երիտասարդների համար անվճար կրթական հարթակ կստեղծի, հայտնել է Coca-Cola Georgia-ի սեփականատեր Թեմուր Չկոնիան։

Հասարակական կազմակերպությունները շնորհակալություն են հայտնել Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելին՝ Վրաստանում երկար տարիների հաջող աշխատանքի և այն աջակցության համար, որը Վրաստանի քաղաքացիական հասարակությունը միշտ զգացել է ԵՄ-ից։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ 1989 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ն.Ն.–ն և 1977–ին ծնված Ռ.Մ․-ն ձերբակալվել են 20-ամյա կնոջը առևանգելու մեղադրանքով։

Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունում՝ Գուլրիփշի շրջանի մշակույթի տանը, որտեղ դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հանդիպում է ունեցել տեղի բնակչության հետ, հանդիպումն ավարտվել է նախատեսվածից շուտ՝ Բիճվինթայի տարածքները Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ հնչած հարցի պատճառով։

Վրաստան-Ուկրաինա դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը։

Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է տուգանքների խստացում ապօրինի ծառահատման, բույսերի վնասման և պահպանման կանոնների խախտման դեպքում, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարման նիստում։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանն սկսել է մետրոպոլիտենի «Ավլաբարի» (Հավլաբար) կայարանի վերին գավիթի վերանորոգումը։

Գերմանական լեգենդար Boney M խմբի մենակատար Լիզ Միտչելը օգոստոսի 6-ին ելույթ կունենա Բաթումիում։