Միջազգային գումարային փոխանցումների ժամանակ ծագող խնդիրների պատճառները․ NBG

Վրաստանի ազգային բանկը (NBG) հայտարարություն է տարածել` պարզաբանելով վերջերս  միջազգային դրամական փոխանցումների ժամանակ ծագող խնդիրների պատճառները։

Ազգային բանկը պարզաբանում է, որ պատճառներն առնչվում են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ պատժամիջոցներին, որոնց Վրաստանի ֆինանսական հատվածը (սեկտորը) միացել է որպես միջազգային ֆինանսական համակարգի մաս։

«NBG-ն հավատարիմ է բոլոր միջազգային նորմերին և որոշումներին: Առևտրային բանկերը թղթակցային հարաբերություններ են հաստատել եվրոպական և ամերիկյան ֆինանսական կազմակերպությունների հետ, և այդ հարաբերությունների սահուն իրականացման համար առանձնահատուկ առաջնահերթություն է պատժամիջոցների ռիսկի արդյունավետ կառավարումը։

Միջնորդ բանկերը պետք է ուսումնասիրեն գործարքները և պահանջեն լրացուցիչ տեղեկատվություն/փաստաթղթեր՝ միջազգային չափանիշներին միջնորդ բանկերի համապատասխանությունն ապահովելու համար: Դրա հետևանքով միջնորդ բանկերն ավելի շատ ռեսուրս և ժամանակ են ծախսում առանձին գործարքների ուսումնասիրման գործընթացում, ինչը միանգամայն բնական և օրինական է»,- նշված է Վրաստանի ազգային բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ 2022 թվականի առաջին վեց ամսում Վրաստանը ստացել է դրամական փոխանցումների ռեկորդային քանակ՝ 1,78 մլրդ դոլար։ Ամենախոշոր գումարը՝ 750 մլն դոլար, Վրաստան է փոխանցվել Ռուսաստանի Դաշնությունից։