Ֆրանսիայի դեսպանատունը՝ վրաց լեզվի օրվա մասին

Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել վրաց լեզվի օրվա կապակցությամբ։ 

«Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը վրացիների հետ միասին հարգանքի տուրք է մատուցում վրաց լեզվին և նրա եզակի գրությանը։

Արդեն 10 տարի է, ինչ վրացական այբուբենի երեք տեսակների կենդանի ավանդույթը ճանաչվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մաս։

Մխեդրուլին ժամանակակից վրաց լեզվի գիրն է, իսկ ասոմթավրուլին և նուսխուրին նախատեսված են պատարագային տեքստերի համար։ Այբուբենի այս երեք տեսակների համագոյատևումը, որը գրի պատմության մեջ եզակի երևույթ է, վկայում է հազարամյակների ընթացքում վրացական գրի էվոլյուցիայի և սերնդեսերունդ դրա փոխանցման մասին։

Վրաց լեզուն ազգային ինքնության, տոկունության և ինքնիշխանության կենդանի խորհրդանիշն է։ Դրա պաշտպանությունը 1978 թվականին, երբ վրաց ժողովուրդը դիմակայեց խորհրդային ճնշումներին՝ իր լեզուն պահպանելու համար, մարմնավորում է ժողովրդական համախմբման հզոր պահը։

Ամբողջ աշխարհում լեզուները գտնվում են ճանաչման, ազատության և ինքնության պահպանման պայքարի կենտրոնում։ Դրանք ժողովուրդների ինքնիշխանության կարևորագույն հենասյունն են»,- գրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և հրապարակել լուսանկարներ։