«Դրամաշնորհների մասին» փոփոխված օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Վրացական երազանք»-ը 80 կողմ և 0 դեմ ձայներով, արագացված կարգով, առաջին ընթերցմամբ ընդունել է հերթական փոփոխությունները «Դրամաշնորհների մասին» օրենքում։

Այս անգամ փոփոխությունները վերաբերում են դիվանագիտական ներկայացուցչություններից և միջազգային կազմակերպություններից տրվող դրամաշնորհներին։

Մասնավորապես, օրինագծի ընդունման արդյունքում դրամաշնորհ չեն համարվի Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հատկացրած այն միջոցները, որոնք ծախսվում են կամ կարող են ծախսվել այնպիսի գործունեության վրա, որը բխում է օտարերկրյա պետության իշխանության կամ օտարերկրյա քաղաքական կուսակցության քաղաքական կամ հանրային շահերից, մոտեցումներից կամ հարաբերություններից։

«Վրացական երազանք»-ը  հայտարարել է, որ այս օրենսդրական փոփոխություններով բովանդակային առումով ոչինչ չի փոխվում, և միայն սպեկուլյացիաներից խուսափելու համար հստակեցվում է, որ դեսպանատան գործառնական ծախսերի և լիազորությունների իրականացման նպատակով սեփական պետությունից գումար ստանալը Վրաստանի կառավարության համաձայնությունը չի պահանջում։

Օրինագծի հեղինակներն ու նախաձեռնողներն են Արչիլ Գորդուլաձեն, Թոռնիկե Ճեիշվիլին, Ակակի Ալադաշվիլին, Դավիթ Մաթիկաշվիլին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդր Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին և Ռատի Իոնաթամիշվիլին։