ԱՄՆ պետդեպարտամենտն աջակցում է Դեգնանին

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, անդրադառնալով Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի վերաբերյալ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների արձագանքին, ընդգծում է, որ դեսպանն ունի Վաշինգտոնի լիակատար աջակցությունը։

Նեդ Փրայսը հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ Թբիլիսիում դեսպանատունն անում է ամեն ինչ՝ Վրաստանի բնակչության եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու նպատակով։

«Գաղտնիք չէ, որ Վրաստանի քաղաքացիների մեծ մասն աջակցում է ԵՄ անդամակցությանը, և մենք պաշտպանում ենք այդ ձգտումը, սակայն վերջին շրջանում Վրաստանի կառավարության որոշ ներկայացուցիչների հռետորաբանությունը կարծես ուղղված է Վրաստանի քաղաքացիներին այդ նպատակից շեղելուն։

Դեսպան Դեգնանը և նրա թիմը Թբիլիսիում փորձում են աջակցել Վրաստանի քաղաքացիների եվրատլանտյան ձգտումներին: Դեսպան Դեգնանը ունի մեր լիակատար աջակցությունը։ Դեսպանի ու նրա թիմի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը և հարձակումները չեն համապատասխանում այն հարաբերություններին, որ ունեն Վրաստանն ու ԱՄՆ-ը», — նշել է Փրայսը։

Նեդ Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Վրաստանին բարեփոխումների իրականացման հարցում, որոնք անհրաժեշտ են Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Հիշեցնենք, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը վերջերս դարձավ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների քննադատության թիրախը։ Նրանց գնահատմամբ` դեսպանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին։