Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի 120-ամյակը նշվեց մեծ շուքով։
Տոնական օրը լի էր երգով, պարով ու հյուրասիրությամբ։ Միջոցառումն ուղեկցվեց գյուղացիների ելույթներով, Հայաստանից ժամանած հայտնի արտիստների կատարումներով և այլն։
Միջոցառման սկզբում, պատվավոր հյուրերին ներկայացնելուց հետո գյուղացիներին խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը. նրա խոսքը նվիրված էր գյուղի դիմացկունությանը և համայնքի դերին հայապահպանության գործում։ Սրբազան հայրը իր օրհնության խոսքում շեշտեց հավատի ու ազգային արժեքների կարևորությունը.
«Ուրախության տոներ ստեղծվում են այնպիսի վայրերում, որտեղ կան սեր, համերաշխություն և ամենակարևորը՝ խաղաղություն. եթե չլինի խաղաղություն, ապա մարդը չի ունենա ո’չ ժամանակ, ո’չ էլ տրամադրություն, որ մտածի որևէ ուրախություն ստեղծելու մասին»,- ընդգծեց հոգևոր առաջնորդը` ողջունելով օրվա խորհուրդը։
Տոնին ելույթ ունեցավ Կարմիր գյուղի պարի անսամբլը, կատարեցին ինչպես վրացական, այնպես էլ հայկական պարեր։ Հայաստանից ժամանել էին քանոնահարուհի Էլինա Դավթյանը, երգիչ Մանվել Փաշայանը և այլք։
Դպրոցի աշակերտները ստեղծել էին վրաց-հայկական անկյուն, որտեղ ներկայացված էին երկու երկրների ազգային ուտեստները, ձեռագործ աշխատանքներ և այլ մշակութային ստեղծագործություններ։ Տոնակատարության վերջում գյուղացիները և հյուրերը բռնեցին խորհրդանշական շուրջպար։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ձեզ է ներկայացնում օրվան առնչվող լուսանկարների շարք.




