Կեսարիա Աբրամիձեի սպանության համար մեղադրվողի դատավճիռը չփոխվեց

Դատախազության հաղորդմամբ՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Կեսարիա Աբրամիձեի սպանության համար մեղավոր ճանաչված տղամարդու ցմահ ազատազրկման դատավճիռը։

Բեքա Ջաիանին, որը մեղադրվում է Կեսարիա Աբրամիձեի սպանության համար, մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման։

Որոշումը 2025 թվականի ապրիլի 16-ին հրապարակել էր Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին։

Ջաիանին մասամբ ընդունել է իր մեղքը. նա խոստովանել է սպանությունը, բայց չի ընդունել ծանրացուցիչ հանգամանքները։

Պաշտպանական կողմն անմիջապես բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարան։

Դատախազությունը հուլիսի 21-ին հայտարարեց, որ բարձրագույն դատարանը որոշումը թողել է անփոփոխ։

Հիշեցնենք, հայտնի մոդել, դերասանուհի, տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեի դին հայտնաբերվել է Թբիլիսիի Ավթանդիլի փողոցի 8-րդ շենքի իր բնակարանում 2024 թվականի սեպտեմբերի 18-ին։ Նա 36 տարեկան էր։ Դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, որ կինը մահացել է արյունահոսությունից՝ դանակահարության հետևանքով ստացած բազմաթիվ վերքերից։

Միջադեպից 6 ժամ անց 26-ամյա Բեքա Ջաիանին ձերբակալվել էր Քութաիսիի օդանավակայանում։

Ըստ դատախազության՝ որը դատարանը նույնպես հաստատել է` 

  • Բեքա Ջաիանին փախել է սպանության վայրից՝ փորձելով լքել երկիրը,
  • Նա փորձել է ոչնչացնել ապացույցները (դեն է նետել արյունոտ հագուստը, լվացել և մաքրել տարածքը, թաքցրել բջջային հեռախոսը),
  • Բեքա Ջաիանին ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել Կեսարիա Աբրամիձեին։