Վրաստանի արդարադատության նախարարությունը հյուրընկալել է ՀՀ պատվիրակությանը․ լուսանկարներ

Այսօր Վրաստանի արդարադատության նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությանը՝ ծանոթացնելով Վրաստանի արդարադատության նախարարության նորարարական ծառայություններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի արդարադատության նախարարությունը։

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Թամար Տկղեշելաշվիլին և փոխնախարար Էրեկլե Ղվինիանիձեն հյուրերին ներկայացրել են արդարադատության տան գործունեության սկզբունքները, ինքնասպասարկման ծառայության ոլորտները։

Վրաստանի արդարադատության նախարարությունը Հայաստանի պատվիրակությանը հյուրընկալում է վրաց-հայկական իրավական համաժողովի շրջանակներում։ Համաժողովի անցկացման որոշումը կայացվել է փետրվարին Վրաստանի արդարադատության նախարարության պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում։ Հաղորդագրության համաձայն՝ այս համաժողովը Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության հաջող հարթակ է, որը հայկական կողմին հնարավորություն է տալիս ծանոթանալ վրացական նորարարական ծառայությունների փորձին։

Վրաց-հայկական իրավական համաժողովը կավարտվի այսօր։