Մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունիի և դերասան Ջորջ Քլունիի հիմնադրած «Քլունիի արդարության հիմնադրամ» (CFJ) իրավապաշտպան կազմակերպությունը շարունակում է հետևել վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատավարությանը։
Մայիսի 16-ին Բաթումիի քաղաքային դատարանում Ամաղլոբելիի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով համարվող հերթական դատավարությունից հետո «Քլունիի հիմնադրամ»-ը հայտարարել է, որ «Մզիայի դեպքը հիշեցնում է, թե որքան լուրջ է մամուլի ազատությանը սպառնացող վտանգը Վրաստանում»։
«Այս շաբաթ վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելին նշեց իր ծննդյան օրը ճաղերի հետևում: Դատավարության ընթացքում դատարանը արգելափակել է պաշտպանության կողմի ցուցմունքները մեղադրանքների քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Մեղադրողները փորձել են նրան ներկայացնել որպես կրկնահանցագործ՝ վարչական գործի վերաքննիչ բողոքարկման միջոցով։ Ոստիկանությունը պնդում է, որ իրենց կողմից ցուցարարների նկատմամբ ագրեսիա չի եղել», — գրել է հիմնադրամը:
«Քլունիի հիմնադրամ»-ը Ամաղլոբելիի դատավարությանը հետևում է մարտի 16-ից:
Մայիսի 16-ին Ամաղլոբելիի դատավարությանը ներկա էր Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Լենա Շիլինգը, որը հայտարարել է, որ Ամաղլոբելիի դատավարությունը որևէ կապ չունի օրենքի գերակայության հետ, և որ Ամաղլոբելին քաղաքական հետապնդման զոհ է, նաև` «ամբողջ (բողոքի) շարժման ձայնն է»։
Ամաղլոբելին սկզբում վարչական կարգով բերման է ենթարկվել հունվարի 11-ին, ապա ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է այս անգամ քրեական օրենքով՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների՝ անհամատեղելի է գործի հանգամանքների հետ և միայն քաղաքական դրդապատճառ է մատնանշում։