Կոբախիձե. Արտերկրում սովորելու պատճառով չպետք է դպրոցական ուսումը տևի 12 տարի

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ իրենք պատրաստ են «առողջ քննարկման» դպրոցներում 12-ամյա կրթական ծրագիրը մեկ տարով կրճատելու վերաբերյալ. նա լրագրողների հետ խոսել է 11-ամյա կրթության առավելությունների մասին։

«Եթե 11 տարին բավարար է, մենք չենք կարող ավելացնել տասներկուերորդն այլ պատճառներով։ Ինչ վերաբերում է արտասահմանում ուսումը շարունակելու ցանկությանը, մեր գլխավոր խնդիրը, և սա երկրի առաջնահերթությունն է, այն է, որ վրացի ուսանողները Վրաստանում ստանան բարձր մակարդակի կրթություն, և հենց դրան է ծառայում մեր ներկայացրած բարեփոխումների ծրագիրը», — ասել է Կոբախիձեն։

Ըստ նրա` հատուկ ծրագիր կստեղծվի այն դիմորդների համար, որոնք ցանկանում են շարունակել ուսումը արտասահմանում.

«Եթե դրա ցանկությունը լինի, կստեղծվեն բոլոր պայմաններն այդ նպատակով, այդ թվում՝ մենք կարող ենք նաև մտածել Վրաստանում տասներկուերորդ դասարան ավելացնելու մասին հատուկ մասնագիտացված դպրոցներում։ Հակառակ դեպքում այլընտրանքն այն է, որ ուսանողը կգնա արտասահման, կավարտի տասներկուերորդ դասարանն այնտեղ և, եթե ցանկանա, կշարունակի ուսումը արտասահմանում առաջին կուրսից», — ասել է Կոբախիձեն։

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, նա ներկայացրել է բարձրագույն կրթության 7 մարտահրավերների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ ծրագիր։ «Համալսարանական բարեփոխումների» հայեցակարգի համաձայն՝ կլինի «մեկ ֆակուլտետ մեկ քաղաքում»։