Կոբախիձեն չի մասնակցի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի մասնակցի Թբիլիսիում նախատեսված Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառումը կազմակերպել է Եվրամիությունը: Կոբախիձեն լրագրողներին ասել է, թե հրավեր չի ստացել։

«(Չենք լինի — հեղ.), խախտվել են արարողակարգի չափանիշները։ Ըստ արձանագրության` երբ որևէ կոնկրետ դեսպանատուն միջոցառում է պլանավորում, պետք է հրավեր ուղարկի կառավարության հասցեով։ Քանի որ նրանք խախտել են այս արարողակարգը և շարունակել են խորհրդային մոտեցումը, որը ցուցադրում են որոշակի եվրոպացի պաշտոնյաներ, արարողակարգը խախտվել է, հետևաբար, մենք այնտեղ չենք լինի։ Սա նրանց որոշումն է, որը կայացվել է խորհրդային մոտեցումներով», — ասել է Կոբախիձեն։

«Եվրոպայի օրը», որպես Եվրոպական Միության ծննդյան օր, նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։ Կար ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը մեծ շուքով նշում էր Եվրոպայի օրը։ Օրինակ՝ 2016 թվականին կառավարության ներգրավմամբ տոնը նույնիսկ մեկ շաբաթ տևեց։

Վերջին ամիսներին, հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանը դիմեց ԵՄ անդամակցության համար, գործընկեր երկրների, վրացական ՀԿ-ների, ընդդիմադիր կուսակցությունների կողմից «Վրացական երազանք»-ի կառավարությունը մեղադրվում է  հակաեվրոպական քայլեր ձեռնարկելու համար, ինչը դրսևորվել է լրատվամիջոցների և քաղաքացիական հատվածի վերաբերյալ սահմանափակող օրենքների ընդունմամբ, հանրահավաքները ցրելու համար ուժի կիրառմամբ և հրապարակային հայտարարություններով։