«Վրացական երազանք» կուսակցության վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեն հունիսի 11-12-ը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում։
Տեղեկության համաձայն՝ Կոբախիձեի պաշտոնական դիմավորման արարողությունը կկայանա Հունգարիայի վարչապետի նստավայրում այսօր` հունիսի 11-ին։
«Վրացի գործընկերոջը կընդունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Բանակցությունները կընթանան երկկողմ ձևաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական այցի շրջանակներում Բուդապեշտում կկայանա Վրաստան-Հունգարիա միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը։ Համաձայնագրեր կստորագրվեն գյուղատնտեսության, էներգետիկայի, մշակույթի և նորարարության, նաև սպորտի ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո նախատեսված է Իրակլի Կոբախիձեի և Վիկտոր Օրբանի համատեղ մամուլի ասուլիսը։
Ըստ հաղորդագրության` Կոբախիձեն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կովերի հետ։