Կոբախիձեն շնորհավորել է Գերմանիայի նոր կանցլերին 

«Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին «այսպես կոչված՝ դեսպան» էր անվանել, շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին Գերմանիայի կանցլերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Գերմանիայի կառավարությունը վիզային պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարական նահանջի և հակաարևմտյան հռետորաբանության պատճառով։

«Անկեղծորեն շնորհավորում եմ պարոն Մերցին Գերմանիայի կանցլերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ նրան մեծ հաջողություններ այս կարևոր եվրոպական ազգի ղեկավարման գործում», — X հարթակում գրել է Կոբախիձեն:

Հիմա, երբ Կոբախիձեն Գերմանիայի դեսպանին անվանեց «այսպես կոչված՝ դեսպան», իսկ Թբիլիսին լարված հարաբերություններ ունի Գերմանիայի կառավարության հետ, Ֆրիդրիխ Մերցի ընտրությունից հետո Կոբախիձեն գրել է. «Հուսով եմ, որ կանցլեր Մերցի ղեկավարությամբ Վրաստան-Գերմանիա գործընկերությունը կամրապնդվի և կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ, որոնք օգտակար կլինեն երկու երկրներին»։

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը 2024 թվականի նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ գերմանա-վրացական հարաբերությունները փակուղու մեջ են։ Նրա խոսքով, ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելը «սիրո և հոգատարության նշան է»։ Նա նաև նշել էր, որ Եվրամիությունից դուրս գալը բացասաբար կանդրադառնա ազգային արժույթի վրա, նաև կհանգեցնի երիտասարդների արտագաղթի։

«Կարծում եմ՝ Գերմանիայի դեսպանի հետկանչը մեծ պատիվ կլինի։ Հետևաբար, չեմ կարծում, որ մենք պետք է նման որոշում կայացնենք։ Իրականում Գերմանիան այսօր Վրաստանում դեսպան չունի, սա այսօր Վրաստանում, այսպես կոչված՝ դեսպանին հարիր ամենահարմար կարգավիճակն է», — այսպես է նոյեմբերի 28-ին Ֆիշերին հակադարձել Կոբախիձեն։

Գերմանիայի դաշնային կառավարությունը մարտի 24-ին լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեց Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ նշելով. «Գրեթե երեք ամիս Վրաստանի ժողովուրդը ցույցեր է անցկացնում ի պաշտպանություն Եվրոպական Միությունում իր ապագայի, Վրաստանի կառավարիչների որդեգրած ուղու դեմ: Նրանց կրկին պատասխանում են սպառնալիքներով, ձերբակալություններով և բռնությամբ»:

Ավելի վաղ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Վրաստանի ինը քաղաքացիների, որոնք «պատասխանատու են Վրաստանում ցուցարարների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնության համար», արգելվել է մուտք գործել երկիր։ Նրանց ինքնությունը չի բացահայտվել։

Ավելի ուշ՝ 2025 թվականի փետրվարի 25-ին, Գերմանիայի կրթության նախարարությունը հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի կրթության նախարարության հետ։