Կոբախիձեն Թուրքմենստանում հանդիպել է Ադրբեջանի վարչապետին

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովին։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված ֆորումի շրջանակներում։

Տվյալների համաձայն՝ կողմերը կենտրոնացել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության խորացման դրական դինամիկայի վրա։

Քննարկման թեմաներից մեկն առևտրատնտեսական հարաբերությունների և տարածաշրջանային նշանակության նախագծերի աճն էր, որոնցում Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ մասնակցում են։

Կոբախիձեն և Ասադովը խոսել են Միջին միջանցքի զարգացման, դրա աճող կարևորության և այդ ուղղությամբ գործընկերության ամրապնդման հնարավորությունների մասին։ Ուշադրություն է դարձվել նաև էներգետիկ անվտանգության առումով տարածաշրջանային համագործակցությանը։

Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը երկխոսության միջոցով նպաստելու տարածաշրջանում կայունությանը և երկարատև խաղաղությանը։

Հանդիպումից հետո Իրակլի Կոբախիձեն X-ում գրել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ.

«Ես հանդիպեցի Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ Աշխաբադում ընթացող միջազգային ֆորումի շրջանակներում։ Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ և շարունակում են համագործակցել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։ Մենք հավատարիմ ենք մեր ռազմավարական գործընկերության խորացման գաղափարին»։