Կրթական բարեփոխումներ դպրոցներում. մասնագետների և հասարակության արձագանքը

Շաբաթներ առաջ «Վրացական երազանք»-ի կրթության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարեց դպրոցներում և համալսարաններում սպասվելիք կրթական բարեփոխումների մասին։

Ինչ կրթական բարեփոխումներ են կատարվելու դպրոցներում

  • Բոլոր հանրային դպրոցներում կդասավանդվի միայն Կրթության նախարարության պատրաստած դասագրքերով,
  • Դպրոցներում աշակերտներին կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը, իսկ առաջինից վեցերորդ դասարաններում պարտադիր կդառնան դպրոցական համազգեստները,
  • Դպրոց ընդունվել հնարավոր կլինի միայն 6 տարեկանից,
  • XII դասարանը կդառնա կամավոր, իսկ 11-րդ դասարանը կլինի մասնագիտացված։

Հիմնական փոփոխություններից մեկը, ըստ որի` բոլոր հանրային դպրոցներում և դասարաններում կօգտագործվեն նախարարության պատրաստած նույն դասագրքերը, հենված կլինի «Վրացական երազանք»-ի 2024 թվականին ընդունած «Ընդհանուր կրթության ազգային նպատակներ»-ի վրա:

Այս փաստաթուղթը փոխարինելու է  2004 թվականին ընդունված հայեցակարգին, որը, ըստ կրթության նախարար Գիվի Միքանաձեի հայտարարության, «հագեցած էր լիբերալ արժեքներով»:

Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացում հեռախոսների արգելմանը, Գիվի Միքանաձեն հայտարարել է, որ ուսումնական գործընթացում ներգրավվածության համար «հարկավոր է արգելել բջջային հեռախոսի օգտագործումը»:

Նրա խոսքով, «կմշակվի համապատասխան կանոն և կներդրվի համապատասխան ձևաչափով, կպահպանվի հավասարակշռությունը, որպեսզի ոչ ուսումնական գործընթացը վնասվի, ոչ էլ երեխայի հաղորդակցման հնարավորությունը ծնողի կամ իրեն հետաքրքրող անձի հետ խախտվի»:

Դպրոցական համազգեստները վերադառնում են
Առայժմ միայն առաջինից վեցերորդ դասարաններում բոլոր հանրային դպրոցներում դպրոցական համազգեստները պարտադիր կդառնան:
Հատկանշական է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին համազգեստ կտրամադրի պետությունը:

«Բոլոր այն ընտանիքները, որոնք Առողջապահության նախարարության գնահատմամբ 60 հազար միավոր ունեն կամ պակաս, համազգեստների ձեռքբերման հարցում պետության համապատասխան աջակցությունը կստանան»:

Դպրոց` միայն 6 տարեկանից

2026 թվականից դպրոց կընդունվեն միայն 6 տարեկանը բոլորած երեխաները:
Դպրոց կընդունվեն միայն այն երեխաները, որոնք «մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը կդառնան 6 տարեկան»,- նշել է Գիվի Միքանաձեն` հավելելով, որ «վեց տարեկանից ցածր երեխաների վրա ազդում են սոցիալ-զգայական բաղադրիչները», և այդ տարիքում երեխան պատրաստ չէ լիարժեքորեն ներգրավվելու ուսումնական գործընթացում:

Դպրոցներ տան մոտ
Դպրոցներում համընդհանուր գրանցումից բացի, նախատեսվում է ներդնել նոր, լրացուցիչ գրանցման փուլ:
Սա, Միքանաձեի խոսքով, «կապված է երեխայի գրանցման հետ այն դպրոցում», որը բնակության վայրին մոտ է:
Նրա խոսքով, առաջին փուլում այս սկզբունքը կներդրվի մեծ քաղաքներում, իսկ հետո՝ մարզերում:

12-րդ դասարան` կամավոր սկզբունքով
Նորովի կսահմանվեն դպրոցական փուլերը.

  1.  Տարրական. I -VI դասարաններ,
  2.  Հիմնական. VI-IX դասարաններ,
  3. Միջնակարգ. X-XI դասարաններ։
  • 12-րդ դասարանը կլինի «կամավոր», ընդ որում.
  • Ամեն տարվա մարտին կբացվի գրանցման ցանց,
  •  Ցանկացած շահագրգիռ անձ կկարողանա գրանցվել, եթե ցանկություն ունենա սովորելու 12-րդ դասարանում.

Մասնագիտացված 11-րդ դասարան

Ըստ Գիվի Միքանաձեի՝ 11-րդ դասարանը կդառնա «մասնագիտացված».

«Աշակերտները հնարավորություն կունենան սովորելու միայն այն առարկաները, որոնք պետք է հանձնեն ազգային քննություններին, և դա կլինի մեկ տարվա ինտենսիվ ուսումնական ծրագիր»։

Նրա խոսքով, հիմնական նպատակն է, որ աշակերտներին այլևս կարիք չլինի լրացուցիչ պատրաստվելու դպրոցից դուրս, ինչով կնվազի ծնողների ֆինանսական բեռը:

Դասագրքերը կտրամադրի Կրթության նախարարությունը
Հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում դպրոցներում կփոխվեն բոլոր դասագրքերը:

«Դրա համար նախարարությունը վերջին վեց ամսվա ընթացքում ընտրել է տարբեր բնագավառների փորձագիտական խմբեր», — հայտարարել է Միքանաձեն:
Առայժմ չի նշել, թե կոնկրետ ովքեր են մտնում փորձագետների խմբերի մեջ:

Նրա խոսքով, կգործի հետևյալ ձևաչափը. «Մեկ դասագիրք բոլոր դպրոցներում։ Բոլոր դպրոցներում կլինեն միասնական մոտեցում, միասնական ձևաչափ, միասնական որակ»։

Ինչպես է արձագանքում հանրությունը

Բարեփոխումների մասին հայտարարությունից հետո հասարակության կարծիքները մի քանի մասի են բաժանվել։ Կրթության ոլորտի մասնագետները հիմնականում շեշտում են, որ բարեփոխումները պետք է իրականացվեն դանդաղ, լայն մասնագիտական քննարկումներից հետո։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի ուսուցչուհիներից Լուսինե Մանուչարյանը ներկայացրեց իր կարծիքը նշված բարեփոխումների մասին։  Ուսոցչուհին ընդգծեց, որ որոշ մոտեցումներ վաղուց էին սպասված։

«Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանում ԲՈՒՀ ընդունվող աշակերտներն ավելի շատ հաճախում են լրացուցիչ պարապմունքների, քան դպրոց, իսկ միջին մակարդակի երեխաները հիմնականում պարզապես ներկայություն են ապահովում՝ միայն ատեստատ ստանալու համար, կարծում եմ՝ կամավոր հաճախումը կարող է իրականում օգուտ տալ», — նշեց նա։

Մանուչարյանի խոսքով՝ եթե 12-րդ դասարանը դառնա ընտրությամբ, դա հնարավորություն կտա դպրոցում մնացողներին կենտրոնանալու իրենց իրական հետաքրքրության վրա և «խթանելու հետագա մասնագիտական ուղղությունը»։

Ուսուցչուհին նաև դրական գնահատեց  11-րդ դասարանում որոշ առարկաների վրա ավելի կենտրոնացված ուսուցման մտադրությունը։ Նրա համոզմամբ՝ դա կօգնի աշակերտներին ավելի լավ պատրաստվել քննություններին և մեծացնել անվճար ընդունվելու հավանականությունը. «Կողմ եմ նաև 11-րդ դասարանում առավել կենտրոնացումը որոշ առարկաների վրա, ինչը կօգնի հաղթահարել քննությունները և անվճար ընդունվել ԲՈՒՀ»։

«Դպրոցական համազգեստի կողմնակից միշտ եմ եղել, համամիտ չեմ այն կարծիքին, որ երեխաներին խանգարում է ինքնարտահայտվել սեփական ոճով, հակառակը’ կազատի ամենօրյա հարցից’ ի՞նչ հագնել այսօր»,- ասաց նա։

Հեռախոսների առումով ուսուցչուհին կարծիք հայտնեց, որ հեռախոսն այսօր հաճախ լրացուցիչ ռեսուրս է և ժամանակակից կրթության մասը. «Արգելելը միշտ չէ, որ ճիշտ է։ Շատ բան կախված է ճիշտ օգտագործումից։ Ուսուցիչն իրավունք ունի անհարկի կիրառման դեպքում հեռախոսն առգրավել և վերադարձնել ծնողին՝ հիմնավորմամբ»։

Նշենք, որ «Վրացական երազանք»-ի խորհրդարանն արդեն երրորդ ընթերցմամբ ընդունել է բարեփոխումների փաթեթը։

Թբիլիսիի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Լադո Մկերվալիշվիլին Ֆեյսբուքում արձագանքել է «Վրացական երազանք»-ի բարեփոխումներին՝ գրելով, որ ազգային կրթական բարեփոխումների նախապատրաստման համար տարիներ են պահանջվում։

«Մեր կրթական համակարգում մեծ սխալ թույլ տալը հավասարազոր է ազգի զանգվածային ոչնչացման», — գրել է նա։

«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռուսուդան Թևզաձեն նշել է, որ «Վրացական երազանք»-ի հայտարարած, այսպես կոչված, կրթական բարեփոխումը ծառայում է նեղ կուսակցական նպատակների և ոչ մի կապ չունի ուսանողների և աշակերտների աճի ու արևմտյան զարգացման նպատակների հետ, ինչպես ասված է  բարեփոխիչների հանձնաժողովի եզրակացության մեջ։

Վրացի գիտնական, հոգեբան, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի (TSU) սոցիալական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության լիիրավ պրոֆեսոր Մարինե Չիտաշվիլիի կարծիքով` կրթական բարեփոխումը պետք է դիտարկվի որպես քաղաքական որոշում, որը գործող կառավարությունն իրականացնում է արդեն իսկ առկա  քաղաքականության համատեքստում։

«Գործող կրթական համակարգի մոդելը համատեղելի է եվրոպական և միջազգային կրթական չափանիշների հետ և, հետևաբար, ինստիտուցիոնալ ձևով մաս է կազմում համաշխարհային կամ եվրոպական տարածքի։ Հենց դա է պատճառը, որ այս բարեփոխման թիրախն ինստիտուցիոնալ քայքայումն է։ Ինչպես Վրաստանի Սահմանադրության խախտմամբ եվրոպական ինտեգրման կասեցման գործընթացը, այնպես էլ երկրի Սահմանադրության [հոդված 27.3] խախտմամբ համալսարանական ինքնավարության և ակադեմիական ազատության վերացումը ինստիտուցիոնալ մակարդակով վրացական կրթական համակարգը դարձնում է անհամատեղելի ոչ միայն Եվրոպայի, այլև միջազգային տարածքի հետ»,- ընդգծել է նա։

Պրոֆեսորի խոսքով՝ բարեփոխումը վերացնում է դպրոցական և բարձրագույն կրթության մակարդակում ամեն ինչի հետ համատեղելիությունը, ստեղծում է փակ միջավայր, որտեղ կրթության՝ որպես հանրային բարիքի, մատչելիությունը նվազում է։

Այս թեմայով կարդացեք նաև.

Դպրոցական համազգեստը պարտադիր կլինի բոլոր հանրային դպրոցներում

Ինչ սկզբունքով է գործելու կամավոր 12-րդ դասարանը. նախարարը պարզաբանում է

Դպրոցներում ուսումը կդառնա 11 տարի. Իրակլի Կոբախիձե

11-րդ դասարանը կդառնա մասնագիտացված. ԿԳ նախարար