Կուսակցությունների գործունեության արգելման նոր օրենք ընդդեմ ընդդիմադիր ուժերի

«Վրացական երազանք»-ը շտապ կարգով մտադիր է ընդունել նոր օրենք, որը կվերաբերի բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնց կուսակցության գործունեությունը կչեղարկի Սահմանադրական դատարանը։ Խորհրդարանում օրինագիծն արդեն գրանցվել է, իսկ բովանդակության մասին խոսել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։

Օրինագծի համաձայն` եթե Սահմանադրական դատարանը կուսակցության գրանցումը չեղարկի, դրանից հետո քաղաքական գործիչներին կարգելվեն կուսակցության ղեկավարումը, անդամակցությունը, պաշտոն զբաղեցնելը, ընտրություններին մասնակցելը։

Կիրցխալիան հավելել է, որ այդ քաղաքական գործիչներին կարգելվի նաև այլ կուսակցություններին անդամակցելը, և նրանց չեն գրանցի ընտրացուցակներում։

Ավելին, այն քաղաքական գործիչը, ում վրա կտարածվի Սահմանադրական դատարանի որոշումը, չի կարող կուսակցությանը նվիրատվություններ անել։

«Վրացական երազանք»-ն առաջին փուլում նախատեսում է «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության գործունեությունն արգելել․ ըստ Իրակլի Կիրցխալիայի` Սահմանադրական հայցն արդեն պատրաստ է։