ՀՀ ԱԽ քարտուղարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը:

Նշվում է, որ Վախթանգ Գոմելաուրին իր հայ գործընկերոջը ներկայացրել է Վրաստանի ազգային անվտանգության ճարտարապետությունը և ազգային անվտանգության խորհրդի մանդատը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև Ուկրաինայում ընթացող գործընթացները։

«Ընդգծվել է հարավկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար խաղաղության և համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև տնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ոլորտներում տարածաշրջանային երկխոսության զարգացման կարևորությունը։

Վախթանգ Գոմելաուրին և Արմեն Գրիգորյանը խոսել են նաև երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության խորացման կարևորության մասին»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Գիվի Թումանիշվիլին, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիորգի Ղիբրաձեն, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանը և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը։

Մինչ այդ, ՀՀ ԱԽ քարտուղարին ընդունել էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։