Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը (լուսանկարներ)

«Վիրահայերի միությունը» հունվարի 15-ին արդեն 6-րդ անգամ անցկացրեց Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

«Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիր և ղեկավար Մարի Առաքելովան «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ այս տարի առաջին անգամ մրցույթի հաղթող են ճանաչվել ՀՀ քաղաքացիներ.

«Առաջին տեղը կիսել են երկու հոգի՝ Հայաստանի «Իգիթյան կենտրոնի» սաները, ովքեր ներկայացրել են շատ հետաքրքիր դիմակներ: Նրանք ընդամենը 11 տարեկան են, բայց շատ մաքուր և հետաքրքիր աշխատանք էին կատարել», — ասում է Առաքելովան:

Ինչպես նշում է կազմակերպության ղեկավարը, առաջին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են Թբիլիսիում շրջագայելու հնարավորություն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Նանա Զաքաիձեն և Սուրեն Վարդանյանը, որոնք ստացել են Բորժոմիի ուղեգրեր:

Մրցանակներ են տրվել նաև տեղի դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանցի աշակերտներին, ովքեր բովանդակալից աշխատանքներ էին ներկայացրել և ինչպես ասում է Առաքելովան՝ ժյուրիի որոշմամբ նրանց պատվոգրեր և սիմվոլիկ նվերներ տրվեցին:

Հաղթողների պարգևատրման արարողությունը անցկացվեց Վրաստանի մշակույթի և սպորտի երիտասարդության հարցերով նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ, անվանի մշակութային գործիչների հետ համագործակցությամբ: