«Մարդիկ շարունակում են ապրել կյանքի համար վտանգավոր խարխուլ տներում, իսկ «Վրացական երազանք»-ը կպցնում է «Վտանգավոր է, անմիջապես լքեք տարածքը» գրությամբ պիտակ»,- հայտարարել է «Լելո — Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Չերքեզիշվիլին։
Նրա խոսքով՝ կոալիցիան սկսել է խարխուլ տների մոնիթորինգ իրականացնել։
«Երկու շաբաթ առաջ «Լելո-Ուժեղ Վրաստան»-ի Թբիլիսիի թիմը, բնակչության բազմաթիվ խնդրանքներին ընդառաջ, սկսեց մայրաքաղաքի խարխուլ տների մոնիթորինգ։ Ուր էլ որ գնանք, նրանք հետևում են մեզ և փորձում են «կարգավորել» անօգնական բնակչության շրջանում ստեղծված իրավիճակը», — ասել է Նիկա Չերքեզիշվիլին։
Կոալիցիայի ներկայացուցիչներից Բեքա Բերիձիշվիլիի խոսքով` Թբիլիսիում կա 10 հազար խարխուլ տուն, և այդ խնդիրը այսօր չի առաջացել։ Ըստ նրա` մարդիկ տարիներ շարունակ սպասել են անվտանգ բնակարանի, բայց քաղաքապետարանը, եթե շահագրգռություն չկա, չի նախաձեռնում վերականգնման-փոխարինման նախագիծ, ինչը համակարգային կոռուպցիայի հստակ ցուցիչ է։
Կոալիցիայի Իսանիի շրջանային կազմակերպության ղեկավար Բաիա Ռոմելաշվիլին հայտնել է, որ հատուկ խումբը պատրաստ է 24/7 ռեժիմով արձագանքելու բնակչության ցանկացած խնդրանքի։