Լրագրող Վախո Սանաիան դատապարտվեց 6-օրյա վարչական կալանքի

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար Վախո Սանաիային ճանաչել է վարչական իրավախախտ և դատավոր Մանուչար Ցացուայի որոշմամբ նշանակել է 6-օրյա վարչական կալանք։

«Ինձ ինչ-որ բանի մեջ են մեղադրում այն մարդիկ, որոնց հաստատած ռեժիմը ոտնահարում է Սահմանադրությունը, ծեծում է մարդկանց, ունի քաղբանտարկյալներ, փոխել է երկրի արտաքին կուրսը։ Բոլոր օրենքները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, խախտված են։ Իմ պարտականությունն է լինել այնտեղ, որտեղ արդեն մեկ տարի պայքարող ժողովուրդն է։ Եվ դա չի կարող արհեստական լինել։ Վստահ եմ, որ այս պայքարը կավարտվի մեր հաղթանակով», — հայտարարել է Վախո Սանաիան դատական գործընթացի ժամանակ։

Նշենք, Ներքին գործերի նախարարությունը Վախո Սանաիային մեղադրում է հոկտեմբերի 18-ի երեկոյան Ռուսթավելիի պողոտայի երթևեկելի մասի արհեստական արգելափակման համար։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ի բողոքի ակցիայի շրջանակներում վարչական կարգով բերման է ենթարկվել 14 մարդ, իսկ ևս 13 անձի նկատմամբ վարչական վարույթ է ընթանում։ Ըստ ՆԳՆ-ի՝ ակցիայի մասնակիցները խախտել են «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքի 11-րդ պրիմա հոդվածի պահանջները, որի համաձայն՝ արգելվում է երթևեկելի մասի արհեստական արգելափակումը, եթե դա չի պահանջվում հավաքի մասնակիցների թվով։