«Լույսը չպետք է մարի»` մեդիաների համատեղ արշավ. արձագանքներ

Օգոստոսի 13-ին անկախ 22 լրատվամիջոցների կայքերը մի քանի ժամով անջատվեցին՝ իրենց օգտատերերին ներկայացնելով միայն սև ֆոն։ Սա նախազգուշացնող ազդանշան էր, որով մեկնարկեց անկախ լրատվամիջոցներին աջակցության արշավը։ 

«Այսօր Վրաստանում անկախ առցանց լրատվամիջոցները պայքարում են գոյատևման համար։ Ռեպրեսիվ ռեժիմը փորձում է ճնշել ճշմարտությունն ասող ձայները։ Ամբողջ Վրաստանից 22 առցանց լրատվամիջոցներ միավորվել են՝ պաշտպանելու այն, ինչը պատկանում է բոլորիս՝ խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը։

Լույսը չպետք է մարի։

Ազատություն Մզիային։

Ազատություն խղճի բանտարկյալներին»,- սրանք արշավին ուղեկցող երեք հիմնական ուղերձներն են։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում մեդիա ոլորտի ներկայացուցիչները նշեցին, որ տվյալ արշավի ամենակարևոր ուղերձներից մեկը միասնությունն է, որն էլ անհրաժեշտ է Վրաստանում այսօրվա լրատվամիջոցների նկատմամբ ճնշման պայմաններում:

«Տարածաշրջանային հեռարձակողների դաշինք»-ի տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին ընդգծեց, որ այսօր լրագրության ոլորտը հասարակության աջակցության կարիքն ունի. նրա խոսքով՝ խնդիրներ ունեցող մարդուն մեդիան անհրաժեշտ է այդ խնդիրները լուծելու համար, և շատ ցավալի ու տխուր է, որ հենց այդ մարդկանց աջակցությունն է պակասում։

«Ես կարծում եմ, որ այս արշավի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ լրատվամիջոցները միավորվել են։ Հատկապես կարևոր է այն, որ մեդիաները փորձում են աջակցել միմյանց, փորձում են հանրությանը տեղեկացնել, թե որքան կարևոր է մեդիային աջակցելը և կոչ են անում կանգնել իրենց կողքին»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց Կուպրաշվիլին` հույս հայտնելով, որ այս իրավիճակը երկար չի տևի, և լրատվամիջոցներն ուղիներ կգտնեն իրենց լսարանի համար անխոչընդոտ աշխատելու։

«Ռադիո Մառնեուլի»-ի (նույնպես արշավի մասնակից է) տնօրեն Կամիլա Մամեդովան Ֆեյսբուքում գրել է, որ ոլորտում իր գործընկերներն սկզբունքային են, իսկ սկզբունքայնությունը ստիպում է մտածել, վերլուծել: Նրա խոսքով՝ վերլուծությունը պետք է լինի ճիշտ արժեքների շրջանակներում։

«Մենք (նկատի ունի լրատվամիջոցները — հեղ.) չպետք է անհետանանք, դա շատ տխուր կլինի երկրի, երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար.. Ես չեմ կարող ասել, թե ինչ կանեի առանց ռադիոյի… Կեցցե՛ մեր անկախ լրատվամիջոցները։ Ազատություն Մզիա Ամաղլոբելիին, համակարգի անօրինական բանտարկյալներին, որոնց լույսը նույնիսկ կլանային դատարանը չկարողացավ մարել»,- գրել է ռադիոյի տնօրենը:

Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media լրատվամիջոցի համահիմնադիր և համատնօրեն Մարիամ Նիկուրաձեն վերոնշյալ թեմային անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ բացի այն փաստից, որ աջակցությունը կարևոր է և անհրաժեշտ գոյատևման համար, այս ամբողջ պատմությունն ընդգծում է միասնությունը։

Նրա խոսքով` միասնությունն ու համերաշխությունն են, որ իրենց ավելի ուժեղ են դարձնում։

«Բացի այն փաստից, որ աջակցությունը կարևոր է և անհրաժեշտ գոյատևման համար, այս ամբողջ պատմությունն ընդգծում է մեր միասնությունը։
Նախ, գործակալների առաջին օրենքի ներդրումից ի վեր մենք միասին ենք կանգնած, և այսօր` ավելի քան երբևէ, մենք միմյանց աջակցում ենք բարոյապես, ֆիզիկապես։ Միասնությունն ու համերաշխությունն են, որ մեզ ավելի ուժեղ են դարձնում։ Անձամբ ինձ համար այդպես է, ես գիտեմ, որ միայնակ չեմ, և եթե ինձ համար ինչ-որ բան դժվար է, իմ գործընկերները չեն լքի ինձ»,- գրել է նա:

Ի դեպ, օգոստոսի 21-ին «Լույսը չպետք է մարի» խորագրով երթ և լուսանկարների ցուցահանդես կանցկացվի: Ակցիայի մասին հայտարարության մեջ նշված է, որ խորհրդարանի մոտ կցուցադրվեն լուսանկարներ և կներկայացվեն առցանց անկախ լրատվամիջոցների լրագրողների լուսաբանած առանցքային նյութեր։

Նշենք. վերջին շրջանում բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպություններ պարբերաբար բարձրաձայնում են Վրաստանում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների մասին: Կազմակերպությունները նշում են, որ Վրաստանի դրամատիկ վերափոխումը տարածաշրջանային ժողովրդավարական առաջնորդից դեպի ավտորիտար պետություն՝ թիրախավորում է անկախ լրատվամիջոցները։

Օրինակ՝ Մեդիայի պաշտպանության կոալիցիայի համընդհանուր պարբերական վերանայման (UPR) վերջին զեկույցի հիմնական եզրակացություններն այսպիսին են.

  • Քաղաքական դրդապատճառներով հետապնդում. «Նեթգազետի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր լրագրող Մզիա Ամաղլոբելիի անօրինական կալանքը և երկամյա ազատազրկման դատավճիռը։ Նրան ներկայացված մեղադրանքները քննադատաբար են գնահատվել միջազգային և տեղական մակարդակներում։
  • Համակարգային բռնություն. լրագրողների վրա հարձակման հարյուրավոր փաստագրված դեպքեր, հատկապես եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ (2024 թվականի նոյեմբեր — 2025 թվականի մայիս)։
  • Ռեպրեսիվ օրենսդրություն. լրատվամիջոցների ազատությունը և խոսքի ազատությունը սահմանափակելու համար ռեպրեսիվ օրենքների ընդունում։ Մասնավորապես՝ հեռարձակողների դեմ պատժամիջոցների ընդլայնում, արտասահմանյան դրամաշնորհների սահմանափակումներ, խոսքի ազատության պաշտպանության թուլացում։
  • Երկրի մուտքի անհիմն մերժում. 2022 թվականից ի վեր աճել է արտասահմանյան լրագրողների համար Վրաստանի տարածք մուտք գործելու մերժման դեպքերի թիվը։ Խորհրդարանական նոր կանոնակարգեր, որոնք հանգեցրին անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կասեցմանը։
  • Դատական հետապնդում. 2021 թվականից ի վեր քննադատող լրագրողների դեմ ավելի քան 40 դատական հայց։
  • Հանրային տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ. Հանրային տեղեկատվության և պետական հաստատությունների հասանելիության վատթարացում։
  • Ապատեղեկատվություն. անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ տարածվում են կեղծիքներ՝ հանրության աչքում նրանց վարկաբեկելու նպատակով։

Այս ամենից զատ, վերջին շրջանում ընդունված օրենքների համաձայն՝ լրագրողներին չի թույլատրվում տեսանկարահանել ցույցերի ժամանակ ձերբակալված բանտարկյալների դատավարության ընթացքը։ Կազմակերպությունները նշում են, որ «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունները, ըստ էության, հակասում են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը և Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքներին։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշել են, որ օրենքը նպատակ ունի Վրաստանը վերածելու փակ, մեկուսացված պետության։ Նրանց գնահատմամբ՝ օրենքը նպատակ ունի խաթարելու նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության գործունեությունը։

Հիշեցնենք նաև, որ լրագրող, «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին դատապարտվեց 2 տարի ազատազրկման. ինչպես արդեն նշվեց, մեդիաների արշավի հիմնական ուղերձներից մեկը Ամաղլոբելիի ազատ արձակումն է:

Լրագրողը ձերբակալվել էր 2025 թվականի հունվարի 12-ին՝ քրեական օրենսգրքի համաձայն։ Նա ավելի քան 200 օր գտնվում էր նախնական կալանքի տակ, չնայած այն հանգամանքին, որ ըստ փաստաբանների` նախնական կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չկար։

Կալանքի տակ գտնվելու ժամանակ, ի թիվս այլ առողջական խնդիրների, կտրուկ վատացել է Մզիա Ամաղլոբելիի տեսողությունը։