ՄԱԿ-ի Երեխաների հարցերով կոմիտեն (CRC) կասեցրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը, որի հիման վրա կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն ՀԿ-ներից պահանջել էր շահառուների մասին անձնական տեղեկություններ։
Տեղեկությունը տարածել է «Սափարի» կազմակերպությունը, որը պաշտպանում է կանանց և երեխաների իրավունքները։
Այսօր՝ հուլիսի 18-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ «Սափարի»-ի գործադիր տնօրեն Բաիա Պատարաիան հայտարարել է, որ իրենք դիմել են կոմիտեին և խնդրել են կասեցնել դատարանի կայացրած վճռի կատարումը։
Պատարաիան նշել է, որ ՄԱԿ-ի որոշումը նախադեպային է, և այլ կազմակերպությունների շահառուները նույնպես կարող են դատարան դիմել դրա հիման վրա։
Ըստ նրա` այս նախադեպային որոշումից հետո ՄԱԿ-ի Երեխաների հարցերով կոմիտեն ավելի արագ կքննարկի մյուս դեպքերը։ Նրա խոսքով՝ վրացական պրակտիկայում չկա որևէ դեպք, երբ պետական կառույցները հաշվի չառնեն ՄԱԿ-ի կոմիտեների կամ Ստրասբուրգի դատարանի որոշումները։ Հետևաբար, նա ակնկալում է, որ այդ որոշումը նույնպես կփոխվի։
Հիշեցնենք, Թբիլիսիի քաղաքային դատարանի հունիսի 13-ի որոշմամբ ՀԿ-ներին հանձնարարվել է մանրամասն տեղեկություն տրամադրել վերջին 17 ամիսների ընթացքում իրենց գործունեության մասին։ Դրանց թվում, կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը պահանջել է կազմակերպության շահառուների վերաբերյալ անձնական, հատուկ կատեգորիայի տեղեկություններ։ «Սափարի» կազմակերպության դեպքում սա, ի թիվս այլ բաների, ներառում է բռնության զոհ կանանց և երեխաների անձնական տեղեկությունները։
Ե՛վ «Սափարի»-ն, և՛ մյուս կազմակերպությունները հրաժարվել են հրապարակել այս տեղեկությունը և բողոքարկել են Վերաքննիչ դատարան։