Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո ավտոճանապարհների շինարարության շրջանակներում 20 քաղաքացուց գույք կբռնագանձվի հարկադիր կարգով։ Այս որոշման մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հրամանագրից, որի համաձայն՝ էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) իրավունքը տրվել է Ճանապարհների դեպարտամենտին։
Ճանապարհների դեպարտամենտն իրականացնում է Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո մայրուղիների շինարարությունը։ Դեպարտամենտը մշակել էր հողերի գնման պլան, սակայն 5 հողատարածքի դեպքում, որոնք 20 անձի համասեփականությունն են, համաձայնություն ձեռք չի բերվել։
«Նախագծի իրականացման նպատակով մշակվել է հողերի գնման և վերաբնակեցման գործողությունների պլան, որը նախատեսում է փոխհատուցում տրամադրել այն սեփականատերերին, որոնց գույքը հայտնվել է նախագծի ազդեցության գոտում։ Դեպարտամենտի վարած բանակցությունները արդյունք չեն տվել, մի շարք հողատարածքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել», — նշված է փաստաթղթում։
Արդյունքում, Էկոնոմիկայի նախարարությունը որոշում է կայացրել հողատարածքները բռնագանձել հարկադիր կարգով։