«Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) պատվիրակության պաշտոնական այցը շարունակվում է Վաշինգտոնում։ Կուսակցության առաջնորդները հանդիպումներ են ունեցել սենատորներ Թոմ Տիլիսի, Տեդ Բադի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ։
Երկկողմ հանդիպման քննարկման հիմնական թեման MEGOBARI Act-ի ընդունումն է Ներկայացուցիչների պալատում և դրա հաջորդ փուլը Սենատում։ Պատվիրակությունը կոչ է արել սենատորներին արագացնել այդ օրենքի քննարկումն ու հաստատումը, որը ցույց է տալիս վրաց ժողովրդին այս կարևոր պահին ցուցաբերած երկկուսակցական ամուր աջակցությունը։
«Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան նշել է, որ MEGOBARI ակտի արագ ընդունումը Սենատում կենսական նշանակություն ունի թե՛ խորհրդանշական, թե՛ գործնական աջակցության առումով` ցույց տալով, որ ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին ժողովրդավարության համար պայքարում։
Պատվիրակության անդամները Սենատի ղեկավարներին հրավիրել են այցելել Վրաստան, ինչը կամրապնդի ԱՄՆ-ի և վրաց ժողովրդի միջև կապերը և կլինի համերաշխության արտահայտություն այն մարդկանց հետ, որոնք պայքարում են ազատության և եվրոպական ընտրության պաշտպանության համար։
Կուսակցության առաջնորդների կարծիքով` կարևոր է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հստակ և միասնական ձայնը։
Այցը կշարունակվի ամբողջ շաբաթվա ընթացքում, կլինեն հանդիպումներ Կոնգրեսի առաջնորդների, ամերիկացի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։