Մեղադրանք է առաջադրվել 7 անձի՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելու համար

Վրաստանի դատախազությունը հայտնել է, որ հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել։

Դատախազության հաղորդմամբ՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի Աթոնելիի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մեղադրյալները խոչընդոտել են իշխանամետ «Հանրային հեռարձակողի», «Իմեդի» հեռուստաընկերության և «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նկարահանող խմբերին մասնագիտական գործունեության ժամանակ։

Վեց մարդու մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով (լրագրողի մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտում, այսինքն հարկադրում՝ տարածել տեղեկություն կամ ձեռնպահ մնալ դրա տարածումից), որը որպես պատժի տեսակ և չափ նախատեսում է տուգանք կամ հասարակության համար օգտակար աշխատանք, կամ 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանք, կամ երկու տարի տնային կալանք։

Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտում), որը որպես պատժի տեսակ և չափ նախատեսում է տուգանք կամ 2 տարի ազատազրկում, պաշտոն զբաղեցնելու կամ երեք տարվա գործունեության իրավունքի զրկում։

Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները և տասնյակ ակտիվիստներ, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին