Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կոչ է արել «Վրացական երազանք»-ին` հրավիրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։
Ըստ դեսպանատան՝ վերոնշյալ կազմակերպությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին կարևոր է ինչպես միջազգային վստահության ամրապնդման, այնպես էլ տեղական մակարդակով ժողովրդավարական գործընթացների թափանցիկության ապահովման համար։
«Մեծ Բրիտանիայի և Վրաստանի միջև գործընկերությունը հիմնված է ժողովրդավարական սկզբունքները ամրապնդելու և երկկողմ համագործակցության առումով քաղաքացիական հասարակության դերը խթանելու համատեղ հանձնառության վրա։
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությանը հոկտեմբերի մունիցիպալ ընտրությունները դիտարկելու` հաշվի առնելով ԺՀՄԻԳ-ի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում արված բոլոր առաջարկությունները», — ասված է հայտարարության մեջ։
Դեսպանատան հայտարարության մեջ գրված է, որ վրաց ժողովրդի հույսերն ու ձգտումները ուղղված են դեպի ժողովրդավարություն և ազատություն, և Մեծ Բրիտանիայի ու Վրաստանի միջև համագործակցությունը, նաև Վրաստանի համագործակցությունը եվրոպական ինստիտուտների հետ, կնպաստեն այդ նպատակների իրականացմանը։
Հիշեցնենք. հունիսի 11-ին Միացյալ Թագավորությունը չեղյալ հայտարարեց առաջիկա մունիցիպալ ընտրությունների թափանցիկությանն ու մրցունակությանը նպաստելուն ուղղված դրամաշնորհային առաջարկները։
Մեծ Բրիտանիան չեղարկել է Վրաստանում ընտրություններին առնչվող դրամաշնորհները