Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարություն է տարածել X սոցիալական ցանցում՝ նշելով, որ Մոլդովան կանգնած է վրաց ժողովրդի կողքին.
«Իմ մտքերը վրաց ժողովրդի հետ են, որը պայքարում է ազատության և եվրոպական ապագայի համար: Ժողովրդավարությունը չի կարող լռեցվել: Մոլդովան կանգնած է ձեր կողքին», — ասել է Սանդուն:
Հիշեցնենք, այս պահին Թբիլիսիում լարված իրավիճակ է. բողոքի ցույցին զուգահեռ՝ Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումներ են տեղի ունենում քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. ՆԳՆ-ն պղպեղի սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառել ցույցը ցրելու նպատակով, կան վիրավորներ, նրանց թվում՝ ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն: Կան նաև բերման ենթարկվածներ:
Արդեն հայտնի է նաև 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցողների թիվը. ըստ ԿԸՀ-ի՝ ընտրությանը մասնակցել է 1 միլիոն 438 հազար 116 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 40.93%-ը։ Նույն տվյալների համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու «Վրացական երազանք» կուսակցությունից Կախա Կալաձեն ստացել է ձայների 71.557%-ը։