Գախարիան Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրում

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան առաջարկում է բանավեճ կազմակերպել իշխող «Վրացական երազանք» կուսակցության, իշխանական TV Imedi-ի հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Գախարիան այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից տեսանյութ հրապարակել, որում երևում է, որ TV Imedi-ի նկարահանող խումբը մոբիլիզացված է վերջինիս տան մոտ։

«TV Imedi-ն կարծես թե շատ հարցեր է հավաքել ձեզ համար։ Նստենք ձեր եթերում խոսենք քաղաքական կոռուպցիայից, օլիգարխիայից, այն մասին, թե երբ է սկսել փոխվել երկրի արտարժույթի փոխարժեքը…: Ձեզ համար ընդունելի ցանկացած ձևաչափով, ուզում եք՝ բանավեճի ձևաչափ լինի, մի կողմում լինեն Բիձինա Իվանիշվիլին, «Վրացական երազանքի» բոսերը կամ նույնիսկ բոլոր նրանք, ովքեր դեռ մնացել են «Վրացական երազանք»-ում»,- գրել է Իվանիշվիլիի նախկին զինակից Գախարիան:

Գախարիան, ի դեպ, «Վրաստանի երազանքի» կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել անցյալ տարեսկզբին՝ որոշ հարցերում իշխող թիմի հետ համաձայնության չհասնելու պատճառով:

Իվանիշվիլին իր նախկին զինակցի քայլը  ապշեցուցիչ էր համարել՝ նրան մեղադրելով պետական դավաճանության մեջ։