Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպմանը, որը մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 30-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ 

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Դավիթ Զալկալիանին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլենի հետ կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին և ելույթ կունենա իր գործընկեր նախարարների համար։ 

ՆԱՏՕ-ի նախարարական նիստի օրակարգային հարցերից են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության միջավայրը և վերջին զարգացումները։  Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կլսեն տարածաշրջանի արտգործնախարարների տեսակետները տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և կքննարկեն այդ երկրների ներդրումը անվտանգության գործընթացում։  Ռիգայի նախարարական նիստում կքննարկվեն նաև Վրաստանի և Ուկրաինայի քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։ 

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան Ռիգայում կմասնակցի «ՆԱՏՕ-ի 2030 թվականի ռազմավարության տեսլականը» միջոցառմանը, որը կբացեն դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր