Մոսկվան կայուն հարաբերությունների է ձգտում Թբիլիսիի հետ. Կալուգին

Մոսկվան լուրջ է վերաբերվում Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե նա չդառնա «գործիք» Ռուսաստանի դեմ խաղերում, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ հարցերով չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան ձգտում է «կայուն հարաբերությունների Թբիլիսիի հետ»։

«Թբիլիսին արտաքին գործերում ցուցաբերում է առողջ պրագմատիզմ և բազմավեկտորություն», — հավելել է Կալուգինը։

Մասնավորապես, նրա խոսքով, Վրաստանը «չի միացել հակառուսական պատժամիջոցների կոալիցիային և մերժել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու անխոհեմ սցենարը, որը նրան պարտադրվում էր դրսից»։

«Դրա շնորհիվ մենք վերջին մի քանի տարիների ընթացքում շատ բանի ենք հասել տնտեսությունում։ Մենք դիվանագիտական ​​հարաբերություններ չունենք, բայց ունենք ակտիվ կապեր, որոնք շոշափելի օգուտներ են բերում», — ասել է ռուս դիվանագետը։

Մինչև 2028 թվականը եվրաինտեգրումը կասեցնելու մասին Վրաստանի կառավարության հայտարարությունից հետո Ռուսաստանը հաճախ է գովաբանում Վրաստանի կառավարությանը և մեղադրում Բրյուսելին Թբիլիսիի նկատմամբ ճնշում գործադրելու համար։