ՆԳՆ․ Միգրացիայի վարչությունը ձերբակալել է 10 օտարերկրացու

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ «անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում» Միգրացիայի վարչության աշխատակիցները հատուկ միգրացիոն վերահսկողական միջոցառում են անցկացրել։

«Ստացված տեղեկատվության հիման վրա վարչության աշխատակիցները ստուգել են կոնկրետ վայրեր՝ նպատակ ունենալով բացահայտելու Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների։

Միջոցառման արդյունքում ձերբակալվել է օտարերկրյա 10 քաղաքացի։ Նրանց թվում են՝ Հնդկաստանի, Մյանմայի և Բանգլադեշի քաղաքացիներ։ Պարզվել է, որ նրանք երկրում գտնվում էին «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Ներկայումս նշված անձինք Միգրացիայի վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոնում են։ Երկրից նրանց արտաքսելու նպատակով ընթանում են համապատասխան ընթացակարգեր։

Միգրացիայի դեպարտամենտը հատուկ միգրացիոն վերահսկողական միջոցառումները կանցկացնի կանոնավոր կերպով՝ ապահովելու համար «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի արդյունավետ իրականացումը», – նշել է ՆԳՆ-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ձերբակալվել էր ևս 9 անձ` «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտման հիմնավորմամբ։ Ձերբակալված օտարերկրացիները Հնդկաստանի և Նեպալի քաղաքացիներ են։