ՆԳՆ-ն «Միջազգային պաշտպանության մասին օրենքի» փոփոխության փաթեթ է պատրաստել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պատրաստել է «Միջազգային պաշտպանության մասին օրենքում» օրենսդրական փոփոխությունների փաթեթ։

Գերատեսչությունից հայտնել են, որ նպատակը օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համար միջազգային պաշտպանության տրամադրման կարգավորումների կատարելագործումն է, նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարը և ապաստանի տրամադրման ընթացակարգի չարաշահման կանխարգելումը։

Այս փաթեթը արդեն «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանին։

Նախաձեռնության համաձայն՝

  • Քրեական օրենսգրքում ներդրվում է պատժի նոր տեսակ՝ օտարերկրացու արտաքսում Վրաստանից և որոշակի ժամանակով մուտքի արգելք երկիր։
  • Վարչական իրավախախտումների օրենսգրքում սահմանվում է վարչական պատժի նոր տեսակ՝ Վրաստանից օտարերկրացու արտաքսում և մուտքի արգելք։

Այլ փոփոխություններ՝

  • Աճում են տուգանքները այն օտարերկրացիների համար, որոնք խախտել են Վրաստանի տարածքում գտնվելու կանոնները,
  • Պարզեցվում է երկրում անօրինական գտնվող օտարերկրացիների արտաքսման ընթացակարգը,
  • Ապաստանի ընթացակարգի չարաշահման կանխարգելման նպատակով՝
    1. Ներդրվում է նոր մեխանիզմ, ըստ որի՝ եթե օտարերկրացու մուտքը վտանգ է ներկայացնում պետության անվտանգության համար, ապաստանի հարցը կքննարկվի պետական սահմանին՝ առանց նրան երկիր թողնելու,
    2. Կրճատվում են ապաստանի քննության և բողոքարկման ժամկետները,
    3. Ներդրվում է որոշման փոխանցման պարզեցված (էլեկտրոնային) կարգ, ինչը կբարելավի բողոքարկման ժամկետների վերահսկումը,
    4. Կսահմանափակվի բնակության թույլտվության տրամադրումը այն օտարերկրացիներին, որոնց վերաբերյալ արդեն սկսվել է արտաքսման հարցի ուսումնասիրությունը կամ արդեն ընդունվել է արտաքսման որոշումը,
    5. Ներդրվում է արագացված ընթացակարգ այն օտարերկրացիների համար, որոնք մուտք գործելուց հետո մեկ ամսվա ընթացքում չեն դիմել ապաստանի համար։