Նինո Դաթաշվիլին ազատ է արձակվել 5000 լարի գրավի դիմաց. դատավոր Թամար Մճեդլիշվիլին Դաթաշվիլիի խափանման միջոց կալանքը, փոխարինել է գրավով։
Նինո Դաթաշվիլիին տրվել է 30 օր գրավը վճարելու համար. նա այսօր դուրս կգա բանտից։
«Ես վստահում եմ իմ փաստաբաններին, ունեմ հիանալի փաստաբաններ։ Այսօրվա իմ ազատ արձակումն այստեղից իմ փրկությունն է։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բանտի վարչակազմին, բժիշկներին և իմ անձնական բուժող բժշկին։ Նրանք ամեն ինչ արեցին իմ առողջությունը բարելավելու համար, բայց դա չստացվեց, և ես վիրահատության կարիք ունեմ», — ասել է Դաթաշվիլին՝ հեռավար մասնակցելով դատավարությանը։
Փաստաբանների և ընտանիքի անդամների խոսքով՝ Նինո Դաթաշվիլիի առողջությունը բանտում վատթարացել է, և նա մի քանի վիրահատության կարիք ունի։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 13-ին, ժամը 12:00-ին։
Դատախազությունն այսօր` հոկտեմբերի 29-ին, հետևյալ հայտարարությունն է տարածել. «Հաշվի առնելով մեղադրյալ Նինո Դաթաշվիլիի առողջական վիճակը, մենք միջնորդում ենք դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց նշանակված կալանքը փոխարինել գրավով»։
Հիշեցնենք, առողջական վիճակի վատթարացման պատճառով Նինո Դաթաշվիլին չի կարողացել մասնակցել վերջին երկու դատական նիստերին։ Այսօրվա նիստին նա մասնակցել է հեռակա կարգով։
Ուսուցչուհին ձերբակալվել է հունիսի 20-ին՝ դատարանում ծառայողական պարտականությունները կատարող կարգադրիչի վրա հարձակվելու մեղադրանքով։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։