Նոր օրենքը չի տարածվում կրկնուսույցների վրա. ԿԳՆ

«Վրացական երազանք»-ի կառավարության կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան հայտարարել է, որ օրենսդրական փոփոխությունները (կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ) չեն վերաբերում կրկնուսույցներին (աշակերտների հետ մասնավոր պարապող)։ Նրա խոսքով՝ ուսուցչին կրկնուսուցման ծառայություններ մատուցելու համար տնօրենի գրավոր համաձայնությունը պետք չէ։

«Ապատեղեկատվություն է, որ վերոնշյալ գրավոր համաձայնության պարտավորությունը վերաբերում է մասնավոր կրկնուսուցման ինստիտուտին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ կրկնուսուցման ինստիտուտը չի ճանաչվում Վրաստանի կրթության մասին գործող օրենսդրությամբ, հետևաբար նման գործունեությունը չի կարող համարվել մանկավարժական գործունեություն», — նշել է նա։

Նրա խոսքով՝ բացառիկ դեպքերում «Ուսուցչի վարքագծի կանոնագիրք»-ն արգելում է ուսուցիչներին լրացուցիչ վճարովի ծառայություններ մատուցել իրենց սեփական աշակերտներին։

«Այն իրավաբանական անձինք, որոնք Վրաստանի ձեռնարկատիրական օրենսդրության համաձայն գրանցված են որպես ձեռնարկատիրական կազմակերպություններ և մատուցում են վերապատրաստման ծառայություններ, այդ թվում՝ միասնական ազգային քննությունների համար նախատեսված առարկաներ, նաև օտար լեզուներ, պարտավոր են ստանալ գործատուի գրավոր համաձայնությունը», — ասել է Զվիադ Գաբիսոնիան։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ դպրոցներում աշխատող ուսուցիչներին արգելվում է կրկնուսուցումը։